Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում ագրեսիա են ձեռնարկել Արցախի Հանրապետության հանդեպ: Արցախի Հանրապետության զինված ուժերի մարտակարգերին, մշտական տեղակայման վայրերին ու խաղաղ բնակավայրերին հասցվել են հարվածներ հրետանային համակարգերի և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից:
Այնուհետև հակառակորդի մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումները հարձակման են անցել հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով: Այս պահի դրությամբ նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են:
Հիշեցնենք, որ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը և հորդորել բնակչությանը պատսպարվել: Ինչպես նաև հայտնել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում, հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: