ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է ներկայացրել 2018 թ. Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցությունների վերաբերյալ: Կառավարության ղեկավարը հրապարակել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված իր հարցազրույցի մի հատվածը։ Նշենք, որ այն կայացել է մինչև Արցախում ռազմական գործողությունների սկսվելը:
Փաշինյանը հայտնել է, որ Դուշանբեում Իլհամ Ալիևը դիմել է իրեն՝ խնդրելով զերծ մնալ Ադրբեջանի մասին քննադատական հայտարարություններից: Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ուներ, որ այդ ելույթները կարող են երկրում որոշակի քաղաքական գործընթացներ հրահրել:
«Այսօր Ադրբեջանի նախագահն ասում է, որ չի օգտվել հետհեղափոխական աղոտ իրավիճակից և մեծահոգաբար թույլ է տվել, որ հետհեղափոխական կառավարությունը կայանա։ Իրականում Ալիևին այն ժամանակ բոլորովին չէր հուզում Ղարաբաղը. նրան անհանգստացնում էր միայն այն, որ հեղափոխական ալիքը չհասնի Ադրբեջան», – ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության համար ղարաբաղյան հարցն ընդամենը սեփական իշխանությունը և բռնատիրական համակարգը պահելու միջոց է։
Փաշինյանը նաև հայտնել է, որ Հայաստանի կառավարությունում հեղափոխությունից հետո Ղարաբաղի հարցով բանակցություններ վարելու լիազորություններ են ունեցել երկու հոգի՝ վարչապետն ու ԱԳ նախարարը: