Արցախից Հայաստան վերադարձի ճանապարհին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նաև Գորիսի բժշկական կենտրոն, որն այս պահին ծառայում է որպես վիրավորների միջանկյալ տարհանման կետ: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը։
Ըստ նրա՝ տարհանումն իրականացվում է թե՛ շտապօգնության մեքենաներով և ռեանիմոբիլներով, թե՛ սանիտարական ավիացիայի 2 ուղղաթիռով:
Նշենք, որ Գորիսի բժշկական կենտրոն են գործուղվել մասնագետներ մայրաքաղաքից, նաև համալրվել է անհրաժեշտ պարագաներով:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը և հորդորել բնակչությանը պատսպարվել: Ինչպես նաև հայտնել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում, հակառակորդը կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: