ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախում տիրող իրավիճակի շուրջ մոտ երկու տասնյակ գործընկերների հետ հեռախոսազրույց է ունեցել։ Այս մասին միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցի ժամանակ նշեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա ասաց, որ վարչաապետ Նիկոլ Փաշինյանն իր մակարդակով ևս միջազգային գործընկերների հետ հեռախոսազրույցներ է ունեցել։
«Այս հեռախոսազրույցները պետք չէ ընկալել՝ որպես մեկանգամյա գործողություններ, այլ դրանք շարունակական կապ են ամբողջ միջազգային հանրության ներկայացուցիչների հետ»,- նկատեց ԱԳՆ խոսնակը։
Աննա Նաղդալյանի խոսքով՝ Հայաստանն ունի միջազգային հանրության միանշանակ աջակցությունը։
«Բաքուն սկսեց ապատեղեկատվություն տարածել, թե հայկական կողմն առաջինն է սկսել հարձակումը։ Բաքուն բախվեց միջազգային հանրության միակողմանի դատապարտմանը։ Մենք ունենք անհերքելի փաստական ապացույցներ, թե որ կողմն է սկսել մարտական գործողությունները»,- նշեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանը մշտապես պատերազմ սկսելու ծրագրեր է ունեցել։