Հազարավոր կամավորականներ Արցախից և Հայաստանից արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Հարգելի ՛ հայրենակիցներ, հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Չնայած պաշտոնապես զորահավաք եմ հայտարարել, բայց հաճախ նրանք ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատներ, քան նրանց այդ մասին տեղեկացնում են: Բազմաթիվ են Մայր հայրենիքից ժամանողները, հարյուրավոր հայտեր ունենք նաև Սփյուռքից: Այն միասնությունն ու հավաքական կամքը, որ դրսևորում են մեր հայրենակիցները, անկասելի են դարձնում մեր հաղթանակի ընթացքը»,- գրել է Հարությունյանը:
Արցախի նախագահն ընգծել է` հաղթանակը մերն է:
«Այսօր, քան երբևէ հզոր ենք՝ մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ»,- նշել է նախագահը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը և հորդորել բնակչությանը պատսպարվել: Ինչպես նաև հայտնել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում, հակառակորդը կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: