ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարություն է տարածել, որով լուրջ մտահոգություն և անհանգստություն է հայտնում ս.թ. սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ, որի ընթացքում երկու կողմից կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:
Խախտվել է հրադադարի ռեժիմը, կիրառվում է ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ հրետանի, տանկեր և օդուժ, ինչպես նաև՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր։
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994 թ. հրադադարի մասին համաձայնագրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժի չկիրառման փոխադարձ պարտավորությունների կատարմանը: Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային գործընթացին, որը վարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական եղանակներով:
Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս կոչ են արել կողմերին հասնել հակամարտության դրության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության սրացումը թույլ չտալու նպատակով:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը և հորդորել բնակչությանը պատսպարվել: Ինչպես նաև հայտնել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում, հակառակորդը կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: