Այս պահի դրությամբ մարտական գործողությունները բարձր ինտենսիվությամբ շարունակվում են հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Նա նշեց, որ մեր զինծառայողները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով զրահատեխնիկայի և մարդկային կորուստներ:
Սարգսյանն ասաց, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի կորուստներն են 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 400-ից ավելի մարդկային կորուստներ:
Նա հայտնեց, որ Պաշտպանության բանակը, ցավոք, ունի 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր:
ՊԲ հրամանատարի տեղակալի խոսքով՝ դիրքային փոփոխություններ, այո՛, եղել են. գիշերը համառ մարտեր են մղվել, որոշ հատվածներում դիրքերի վերականգնում է եղել: «Փոփոխությունը տեղի է ունենում ժամ առ ժամ»,- ասաց Ա.Սարգսյանը:
Նա վստահեցրեց, որ բանակը թիկունքային, տեխնիկական և մարտական ապահովման առումով որևէ խնդիր չունի:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը և հորդորել բնակչությանը պատսպարվել: Ինչպես նաև հայտնել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում, հակառակորդը կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: