ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է արել արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի վերաբերյալ.
«Հայկական կողմի համար պահի հրամայականը`
ա. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու պատերազմն առանց տարածքային կորուստների դադարեցումն է,
բ. Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձևական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումը»,- հայտարարել է Տեր-Պետրոսյանը։
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հայկական կողմն ունի 83 զոհ։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Եռօրյա մարտերի արդյունքում թշմանին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: