Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը:
ԱԳ նախարար Մնացականյանն իր ռուս գործընկերոջը համապարփակ ներկայացրեց Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերջին զարգացումները:
Այս համատեքստում նախարար Մնացականյանը խստորեն դատապարտեց Թուրքիայի՝ անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում՝ ինչպես Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական սահմանին: Նախարար Մնացականյանը նաև մտահոգություն հայտնեց Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման, Ադրբեջան տեղափոխման և մարտական գործողություններում ներգրավելու առնչությամբ:
Երկուստեք անընդունելի գնահատվեց արտատարածաշրջանային երկրների քայլերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խաթարմանը:
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հայկական կողմն ունի 83 զոհ։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ՝ ներառյալ Ստեփանակերտում։ Եռօրյա մարտերի արդյունքում թշմանին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք՝ տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: