Օհանյանը նշեց, որ թշնամու հեռահար նպատակն է եղել 2-3 օրվա ընթացքում մխրճվել մոտ 10-15 կմ Արցախի ՊԲ-ի խորություն, հետո պարտադրանքի լեզվով խոսել Արցախի և ՀՀ ղեկավարության հետ հետ. «Ըստ էության, նրանք հերթական անգամ խախտել են մեր պայմանավորվածություները ուժի չկիրառման հարցում: Այնուհետև հանդիպելով ՊԲ հմուտ գործողություններով պայմանավորված դիմադրությանը, ստանալով հսկայական ծավալի խոցումներ՝ չեն կարողացել իրենց նպատակներին հասնել: Այդ ամենը տեղի ունեցել ՊԲ-ի և՛ հրամանատարական կազմի, և՛ զինծառայողների քաջարի, հերոսական գործողությունների շնորհիվ»:
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ցանկություն հայտնեց, որ կամավորները, ովքեր այսօր լրացրել են ՊԲ շարքերը, այսուհետև զինկոմիսարիատների միջոցով իրենց զինվորական նախանշվածության համաձայն ներկայանան իրենց ստորաբաժանումներ, որովհետև իրենք պետք է ըստ իրենց նշանակության իրենց մասնագիտական խնդիրները կատարեն։
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հայկական կողմն ունի 102 զոհ։ Հակառակորդը հրետակոծել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հնգօրյա մարտերի արդյունքում թշնամին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: