Հադրութ քաղաքին, ամենայն հավանականությամբ, հարված է հասցվել Սմերչ տեսակի համազարկային կայանքի հրթիռներով, որովհետև կասետային արկերն ինքս եմ տեսել։ Նույն հարվածը մի քանի րոպե հետո հասցվել է նաև Ստեփանակերտին։ Այս մասին Հ1-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Արդեն ամբողջ աշխարհը կարող է տեսնել, որ քաղաքացիական նշանակետեր են թիրախավորվում, փրկարար ծառայությունը, հիվանդանոցի շենք»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, թե իրականում հետևանքներն այս պահին դեռ լիովին հնարավոր չէ ամփոփել։ Նա այս պահին նաև չի կարող ասել՝ արդյոք Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների այլ քաղաքներ ևս թիրախավորված են, թե՝ ոչ։
Խոսելով զինված ուժերի տրամադրվածության մասին՝ Հովհաննիսյանը նշել է, որ զորքերը հերոսական պայքար են մղում, հերոսական մարտեր են վարվում․
«Տղաների ոգին շատ բարձր է, բոլորը վստահ են, որ հաղթում ենք։ Եվ ասեմ, որ զորքերը ուղղակի փայլուն են աշխատում։ Ես տեսել եմ թե կառավարման համակարգն ինչ հիանալի է աշխատում, հստակ ամեն ինչին տիրապետում են, միլիմետր առ միլիմետր վերահսկում են»,- շեշտել է նա։
Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է նաև այս օրերին տեղեկատվական համակարգի աշխատանքին՝ նշելով, որ այս տիրույթում հիմնականում աշխատանքը կազմակերպվում է ճշգրիտ։
«Լրատվական դաշտում հակառակորդը կոնկրետ պարտված է։ Մենք թափանցիկ ենք, մենք բաց և պարզ ենք աշխատում և աշխատում ենք միայն ապացույցներով։ Ամբողջ աշխարհում ոչ ոք, բացի կազմակերպիչներից, չի կասկածում, որ մեր դեմ ահաբեկիչներ են կռվում»,- ասել է Հովհաննիսյանը։