Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումները:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել պատերազմը սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային և կառուցողական դիրքորոշման համար: Կողմերն անթույլատրելի են համարել օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը ռազմական գործողություններին:
Ֆրանսիայի նախագահը կարևորել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը և խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարության:
Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան՝ ընդգծելով, որ առանց այդ ապակայունացնող ուժերի դուրսմղման՝ հնարավոր չէ վերականգնել տարածաշրջանային անվտանգությունը: Խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների սերտ համագործակցությունը:
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հայկական կողմն ունի 102 զոհ։ Հակառակորդը հրետակոծել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հնգօրյա մարտերի արդյունքում թշնամին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: