ՀՀ կառավարությանը կից տեղեկատվական միասնական կենտրոնում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է առաջնագծում տիրող օպերատիվ իրավիճակը:
Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ շփման գծում մարտական գործողությունները շարունակվում են հիմնականում հյուսիսում և հարավում։ Հակառակորդը բազմիցս փոխելով մարտավարությունը, փորձում է իրականացնել հարձակողական գործողությունների, հայկական ԶՈՒ-ն ետ են մղում բոլոր հարձակումները և շարունակում է հիմնականում պաշտպանական, իսկ որոշ տեղերում նաև այլ գործողություններ։
ՊՆ-ն նաև հաղորդել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը նշել է, որ Երևանը պատրաստվում է ՀԱՊԿ գործընկերներին ներկայացնել երկրի օդային տարածք ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ներթափանցման ապացույցներ:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի ՀՕՊ ուժերը չորս անօդաչու սարք են խոցել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդային տարածքում:
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հայկական կողմն ունի 102 զոհ։ Հակառակորդը հրետակոծել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հնգօրյա մարտերի արդյունքում թշնամին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: