Ես կամենում եմ, որ բոլորդ խորհունկ հավատով, արիական ոգով դառնաք մեկ բռունցք, մեկ միտք, մեկ կամք և ամեն ինչով աջակցեք, զորակից եղեք մեր բանակին և արցախայությանը։ Այսպիսի կոչով է հանդես եկել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ այսօր թեժ, կենաց ու մահու գոյապայքարի պատերազմ է մղվում։
«Մենք երբեք պատերազմ չենք սկսել, զինադադարը երբեք չենք խախտել, բայց ամեն անգամ նենգաբար մեր դեմ սկսում են պատերազմել։ Ամեն մի մարդու, ամեն մի ժողովրդի իրավունքն է իր կյանքը պաշտպանելու։ Եվ այսօր մենք ստիպված ենք մեր պայքարը տալ հանուն կյանքի և հանուն խաղաղության։ Մեր մեջքի հետևում Մայր Հայաստանն է, մենք պետք է Մասիս սարի պես լինենք կայուն և անսասան»,- համայն հայությանը դիմելով՝ ասաց Պարգև Սրբազանը։
Արցախի թեմի առաջնորդն աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերին կոչ արեց այսօր՝ երեկոյան ժամը 18։00-ին, միասնական աղոթք հնչեցնել՝ ի պաշտպանություն հայոց բանակի։
Պարգև Սրբազանը նշեց, որ մեր պայքարն արդար է, իսկ Աստված միշտ արդարների կողքին է լինում։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է առաջնագիծ։ Արցախում թեժ մարտերը շարունակվում են։