Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ:
«Մենք շարունակում ենք ականատեսը լինել Լեռնային Ղարաբաղի դեմ կատաղի հարձակումների: Ադրբեջանի զինված ուժերը ռմբակոծում են մայրաքաղաք Ստեփանակերտը և գնդակոծում քաղաքացիական ենթակառուցվածքները: Ռմբակոծվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները վիրավորվել են ադրբեջանական հրթիռային հարվածներից:
Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Հայ ազգը սպառնալիքի տակ է: Համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ են: Եթե այս ամենն այսօր չդադարեցվի, ապա վաղն այն դուրս կգա այս տարածաշրջանից և կընդգրկի այլ տարածքներ: Այսօր թիրախի տակ են մեր երեխաները, վաղը թիրախի տակ կլինեն ձեր երեխաները»,-գրել է Մխիթարյանը։
Նա ևս մեկ անգամ կոչ է արել միջազգային հանրությանն ամեն ինչ անել Հայաստանի ու համաշխարհային խաղաղության դեմ սկսված ռազմական գործողությունները դադարեցնելու համար։
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հակառակորդը հրետակոծել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հնգօրյա մարտերի արդյունքում թշնամին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ: Հայկական կողմն ունի 158 զոհված զինծառահող, 8 քաղաքացիական անձի մահ, շուրջ 200 վիրավոր։
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: