«Մեր զինվորների մարտական ոգին չափազանց բարձր է, մանավանդ, ժամկետային զինծառայողներինը, մանավանդ երիտասարդ սպաներինը, լեյտենանտներինը, կապիտանները․․․։ Նրանց աչքերն ուղղակի փայլում են իրենց քաջությունից ու հերոսությունից»։ Այս մասին այսօր Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանը պատմեց, թե ինչպես մեր հրետանավորներից մեկը, վիրավոր լինելով, կռվել է հակառակորդի ինտենսիվ կրակի տակ և մարտի դաշտից դուրս չի եկել մինչև մարտկոցների ոչնչացումը:
Անդրադառնալով ՀՀ սահմաններին տիրող իրավիճակին՝ Հովհաննիսյանը հայտնեց․
«ՀՀ սահմաններին ակտիվ մարտական գործողություններ չկան, հարաբերական հանգիստ է։ Մեր ԶՈՒ-երը հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին, հետախուզական նկրտումներին և լիովին տիրապետում են իրավիճակին»։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի ԶՈՒ-երի կառավարումը, եթե ոչ ամբողջովին, ապա զորատեսակների մասով հանձնված է Թուրքիայի զինված ուժերին։
«Նրանց փոխայցելությունները մեզ համար նորություն չեն։ Հայկական բանակը փաստացի կռվում է թուրք-ադրբեջանական զինված ուժերի և միասնության դեմ։ Չեմ կարծում, որ Երևանը վտանգված է, բայց, այնուամենայնիվ, մենք պատերազմի մեջ ենք»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը մարտական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով: Համառ և թեժ մարտեր են ընթանում հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով:
Ադրբեջանը հրետակոծում է նաև Ստեփանակերտն ու Շուշին: Կան տուժածներ քաղաքացիների շրջանում, վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ:
Նշենք, որ ադրբեջանական կողմից անձնակազմի այսօրվա զոհերի թիվը 400 է, 700 վիրավոր, 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ, 1 ԱԹՍ: