Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, դերասան, լուսահոգի Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, բաց նամակ է հղել։ Դրանում մասնավորապես ասված է․
«Վերջին յոթ օրերը ծանր էին, ողբերգական, մարտահրավերներով լի, բայց և հուսադրող ու ապրեցնող: Մենք ամեն օր արթնանում ենք այն հույսով, որ պատերազմն ավարտվել է, և քնում՝ հուսալով, որ սա վերջին օրն էր:
Ինչպես սիրում էր ասել հայրս՝ Շառլ Ազնավուրը, նա 100%-ով հայ էր և 100%-ով ֆրանսիացի: Նրա և մեր ողջ ընտանիքի համար Հայաստանը միշտ կարևոր նշանակություն է ունեցել, ինչն առիթ դարձավ, որ ես միանամ հորս՝ ստեղծելու «Ազնավուր» հիմնադրամը Հայաստանում:
Եթե հայրս իրեն համարում էր միայն ֆրանսիացի և հայ, ապա ես ավելի՛ շատ ինքնություններ ունեմ, որոնք կերտել են ինձ. իմ կյանքի ընթացքում ես ապրել եմ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեյցարիայում, և այս երկրներից յուրաքանչյուրն իր հերթին ինձ տվել է կրթություն, հնարավորություններ, փորձ, ընկերներ, ընտանիքի անդամներ: Այսօր ես վճռականորեն դիմում եմ այդ և մյուս պետությունների առաջնորդներին՝ կոչ անելով կանգնել ահաբեկչության դեմ պայքարող փոքր և քաջ ազգի կողքին:
Իմ նախնիները 100 տարի առաջ վերապրեցին Հայոց ցեղասպանությունը, սակայն այսօր Թուրքիան ցանկանում է եւս մեկ ոճրագործություն իրականացնել Ադրբեջանի և վարձկան-ահաբեկիչների միջոցով:
Ագրեսորներն օգտագործում են արգելված զինամթերք և թիրախավորում խաղաղ բնակչությանը, անմեղ երեխաներին ու լրագրողներին: Կարծում եմ՝ ահաբեկչական այս ագրեսիան ոչ միայն հայերի, այլև ողջ մարդկության դեմ ուղղված սպառնալիք է։ Ուստի, այն երկրները, որոնք խաղաղության պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի բանաձևեր ու կոնվենցիաներ են ստորագրել, պետք է իրենց վճռական դերակատարումն ունենան՝ դադարեցնելու արյունահեղությունն ու բռնությունը:
21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհն ընդունում է, որ մարդկային կյանքերից ավելի կարևոր բան չկա։ Այնուամենայնիվ, հայ ազգն այսօր ստիպված է պաշտպանել գոյության իր իրավունքը ՝ առանց գործուն աջակցություն ստանալու նրանցից, ովքեր խթանում են մարդու իրավունքները և խաղաղությունն աշխարհում:
«Ազնավուր» հիմնադրամը կանգնած է հայ ժողովրդի կողքին. մենք կենտրոնացրել ենք մեր ուժերը մարդասիրական օգնություն տրամադրելու համար և պատրաստ ենք աջակցել այն ամենով, ինչով կարող ենք:
Թեև հայերը սփռված են ամբողջ աշխարհում, միևնույն է՝ մենք մեկ ազգ ենք և մեկ ժողովուրդ ու դժվարություններն էլ հաղթահարելու ենք միասին»,- ասվում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի բաց նամակում։ Հիմնադրամը բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր իրենց անզոր են զգում կամ չգիտեն ինչպես օգնել, հուշում ու հիշեցնում է, որ աջակցության ամեն տեսակ կարևոր է, և յուրաքանչյուրս մեր ներդրումը պետք է ունենանք մարդկային կյանքեր փրկելու գործում»։
Նիկոլա Ազնավուրը հորդորել է․
– Տարածե՛լ իրավիճակի մասին հավաստի ինֆորմացիան մամուլում և սոցիալական ցանցերում` օգտվելով միմիայն պաշտոնական աղբյուրներից: Հավաստի տեղեկատվության համար հետևել Արծրուն Հովհաննիսյանին (https://www.facebook.com/arcrun) և Շուշան Ստեփանյանին (https://www.facebook.com/shushanstepanyan)։
– Կա՛պ հաստատել երկրների ազդեցիկ քաղաքական գործիչների և կուսակցությունների հետ՝ իրազեկելով իրավիճակի մասին և կոչ անելով այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։
– Մասնակցե՛լ սեփական համայնքներում կազմակերպվող բողոքի միջոցառումներին։
– Արցախի բնակչության աջակցությանն ուղղված նվիրատվություն կատարել օգնության հավաքագրման միասնական հարթակում՝ www.himnadram.org