Իսրայելը, հնարավոր է, երկու-երեք օրից դադարեցնի զենքի մատակարարումն Ադրբեջան։ Factor.am-ի հետ զրույցում նման պդնում արեց Իսրայելում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը: Վերջինս նշեց՝ Իսրայելի կառավարության մակարդակով նման խոստումներ են տրվել:
«Ես կարծում եմ, որ այս իրավիճակում Իսրայելը կկանգնացնի Ադրբեջանին զենք մատակարարելը: Իսրայելի արտաքին գործերի նախարարության հետ ենք համագործակցում, նախագահականում որոշակի մարդիկ կան, մարդիկ, որոնք ազդեցություն ունեն: Պաշտոնական մակարդակներով ինձ բանավոր խոստում է տրվել: Դա հեշտ բան չէ, փորձում ենք ազդել, բոլոր կանալները օգտագործում ենք, որ ազդենք. այստեղի համայնքը, լրատվամիջոցները, հրեա ընկերները, բոլորն աշխատում են: Կարծում եմ, որ երկու-երեք օրում գուցե ստացվի»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ խորհրդակցությունների համար դեսպանը հետ է կանչվում Հայաստան, ԱԳՆ-ն նշել էր, թե պաշտոնական Երեւանի համար անընդունելի է Իսրայելի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու գործելաոճը:
Ադրբեջանը Իսրայելից միլիոնավոր դոլարների զենք-զինամթերք է գնել: 2017 թվականին Ադրբեջանի ու Իսրայելի ռազմական համագործակցության արդյունքում Բաքուն ձեռք է բերել Skystriker և Hermes 900 հարվածային ու հետախուզական անօդաչու թռչող սարքեր: Հրեական առաջատար Jerusalem Post-ը 2017-ին հայտնել էր, որ Skystriker հարվածային անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման գործարքի արժեքը 137 միլիոն դոլար է եղել: Իսկ ահա ACT պաշտպանության և անվտանգության խնդիրներով զբաղվող անկախ ռուսական գիտահետազոտական կազմակերպությությունը 2018 թվականի մայիսի 1-ին հրապարակեց տվյալներ, որոնց համաձայն Ադրբեջանը Իսրայելից գնել է 15 Hermes 900 ԱԹՍ: Որպես մեկ հատի միջին գին նշվում է 30 միլիոն դոլարը: