ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան‑Իվ Լե Դրիանը և ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, վճռականորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա սահմաններից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան: Այս մասին ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ։
«Նախարարներն անվերապահորեն ընդգծում են, որ վերջին հարձակումները, որոնց նպատակը ենթադրաբար քաղաքացիական օբյեկտներն էին՝ ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրս, ինչպես նաև նման հարձակումների անհամաչափությունը անընդունելի սպառնալիք են տարածաշրջանում կայունության համար:
Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ նախարարները կրկին կոչ են անում հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հաստատել հրադադարի ռեժիմը:
Համանախագահող երկրները հաստատակամ են լիովին իրականացնել իրենց վրա դրված ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության մանդատը՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ։ Այդ մանդատին համապատասխան՝ նրանք կշարունակեն հետևողականորեն ավելացնել փոխգործակցությունը կողմերի հետ՝ կոչ անելով նրանց առանց հապաղելու ստանձնել կարգավորման գործընթացը վերսկսելու պարտավորությունները՝ գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք քաջ հայտնի են երկու կողմերին», – ասված է հայտարարության մեջ: