Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Sky News Arabia-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ հազարավոր ահաբեկիչ վարձկանների Ադրբեջան տեղափոխելու Թուրքիայի գործողությունները անհանգստություն կառաջացնեն Ռուսաստանում և Կենտրոնական Ասիայի պետություններում:
Նա նաև մեկնաբանել է Անկարայի հայտարարությունները Բաքվից Թբիլիսի և Ջեյհան հոսող էներգետիկ ենթակառուցվածքներին հայկական ուժերի հարվածի հնարավորության մասին: «Այդ խողովակաշարը կառուցվել է դեռ 20 տարի առաջ։ Եթե հայերը նրան գնդակոծելու նպատակ ունենային, ապա դա կանեին շատ ավելի շուտ», – ասել է նախագահը ։
Սարգսյանն ընդգծել է, որ ղարաբաղյան հարցը ռազմական լուծում չունի։ «Հարցը կարելի է լուծել միայն բանակցությունների միջոցով։ Մոդելը, ձևաչափը պարզ են. Թուրքիան միջազգային հանրության, իր ընկերների, ողջախոհության ճնշման տակ պետք է դուրս գա այդ խնդրից։ Այդ պահից սկսած խնդիրը շարունակելու է մնալ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև», – հայտարարել է նախագահը։
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հակառակորդը հրետակոծել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հնգօրյա մարտերի արդյունքում թշնամին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ: Հայկական կողմն ունի շուրջ 220 զոհված զինծառայող, զոհեր կան քաղաքացիական անձանց շրջանում։
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: