Թուրքիան իրականացնում է ՆԱՏՕ-ի կողմից հռչակված խաղաղասիրական և հակաահաբեկչական իր առաքելության դեմ ուղղված գործողություններ: Մինչդեռ ղարաբաղյան ընթացող պատերազմի պայմաններում իր պաշտոնական հայտարարության մեջ առ այսօր ՆԱՏՕ-ն չի անդրադարձել իր անդամ Թուրքիայի` որպես պատերազմ հրահրողի հանցավոր վարքագծին ու չի զսպում նրան: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Գերագույն մարմինը։
ՀՅԴ ԳՄ-ի հայտարարության մեջ ասվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան 2020 թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի համահեղինակն է, անմիջական հրահրողն ու մասնակիցը: Թուրքիայի նախաձեռնությամբ հավաքագրվում և հակամարտության գոտի են ուղարկվում ահաբեկչական տարբեր խմբավորումների հազարավոր անդամներ՝ տարածաշրջանը վերածելով միջազգային ահաբեկչության նոր օջախի:
Ըստ հայտարարության՝ Թուրքիայի չդադարող պատերազմական հռետորաբանությունն ու պատերազմական գործողություններում Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը նպատակաուղղված է անկայունության աշխարհագրության ընդլայմանն ու դրանում այլ պետությունների ներգրավմանը: Թուրքիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, խախտում է Ղարաբաղյան հակամարտությունում չեզոքություն պահպանելու՝ իր ստանձնած պարտավորությունը:
ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության փաստաթղթերով` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացում Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառություններն անիրագործելի են Թուրքիայի այսպիսի սանձարձակ գործելաոճի պատճառով:
«Ելնելով վերը նշվածից` պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից` դիմել ՆԱՏՕ-ին՝ ծանուցելով վերջինիս հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառությունների` ողջ ծավալով կատարման անհնարինության մասին, քանի դեռ ՆԱՏՕ-ն չի դատապարտել Թուրքիայի անմիջական մասնակցությամբ տարածաշրջանում պատերազմի սանձազերծումը, չի ձեռնարկել վերջինիս ծավալապաշտական ձգտումները զսպելու իրական գործողություններ»,-ասվում է հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հակառակորդը հրետակոծել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ներառյալ Ստեփանակերտում։ Տասնօրյա մարտերի արդյունքում թշնամին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ: Հայկական կողմն ունի շուրջ 250 զոհված զինծառայող, տասնյակ քաղաքացիական անձի մահ, հարյուրավոր վիրավորներ։
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: