«Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, արդեն երկրորդ օրն է, սկսել է դիմել ակնհայտ սադրանքների: Այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելացնելով․
«Մասնավորապես,արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ շարժվել»:
ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել արցախա- ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում ու Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։