ԱԺ-ում հերթական քառօրյայի վերջին օրը ԱԺ բոլոր խմբակցությունները հանդես են գալիս ճեպազրույցներով։ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցուպատասխանի ժամանակ խոսեց Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողությունների մասին։ Մասնավորապես, հարցեր հնչեցին Արցախի անկախությունը Հայաստանում ու միջազգայնորեն ճանաչելու մասին։
«Նույնիսկ առանձին խորհրդարանների պատգամավորներ իրե՛նք են ճանաչել Արցախի անկախությունը, և այդ գործընթացն անխոս պետք է շարունակական լինի»,- ասաց Քոչարյանը և հավելեց․
«Հաշվի առնելով Թուրքիայի ներգրավվածությունն այս գործընթացին՝ սա այլևս գոյամարտ է։ Գոյությունը պահպանելու համար Արցախը պե՛տք է ճանաչվի։ Ճանաչման հետ նա կունենա անվտանգության ավելի բարձր մակարդակ»։
Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու մասով Քոչարյանն ասաց․
«Մենք հիմա պատերազմում ենք․․․ որի ելքը՝ անխուսափելիորեն, հաղթանակը, կբացի այն դուռը, որի մասին խոսում ենք»։