ՀՀ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ ասել է․
«Մինչև երեկ ես որոշակի հույս ունեի, որ Վերաքննիչ դատարանը բավարարելու է իմ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքները, և ես արդեն ազատության մեջ հնարավորություն եմ ունենալու խոսքս ձեզ ուղղելու, սակայն, ինչպես գիտեք, դատարանը մերժել է դրանք: Ինչևէ, ինձ համար սա սպասելի էր: Ցավոք, այս անգամ ևս դատարանը չկարողացավ առաջնորդվել օրենքի տառով: Բայց, հավատացե՛ք, որ այսօր իմ ազատության հարցն ինձ համար այլևս երկրորդական է»:
«Մենք պատերազմի մեջ ենք, ամեն օր զոհվում են մեր լավագույն տղաները: Սրտի մեծ կսկիծով ցավակցում եմ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած մեր բոլոր քաջորդիների հարազատներին ու ընտանիքներին: Նրանք իրենց կյանքի գնով են դիմակայել Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմին, հազարավոր զինվորներ էլ այսօր են շարունակում համառ մարտեր մղել: Իմ սիրտն այսօր կտոր-կտոր է լինում, որ չեմ կարող անձամբ գտնվել Արցախի, իմ հայրենիքի ու հայ զինվորի կողքին, լիարժեքորեն օգտագործել իմ հնարավորություններն ու միջազգային կապերը:
Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի Հանրապետության բնական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ լիարժեք հարաբերությունները, որպես տարածաշրջանում անվտանգության կարևորագույն գործոնի: Հասկանալի է, որ այսօր մեր կռիվը ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի և միջազգային ահաբեկչության դեմ է:
Անհրաժեշտ է դիվանագիտական բոլոր խողովակներն օգտագործելով՝ անհապաղ հասնել կրակի դադարեցմանը:
Ես հավատում եմ, որ պատերազմի այս մղձավանջն օր առաջ ավարտվելու է, բայց այսօր մեր բանակի, մեր զինվորների, կամավորականների թիկունքն ամուր պահելու սուրբ պարտականություն է մեր առջև դրված: Պատմությունը մեզ չի ների, եթե այս հարցում մենք թերանանք և սխալներ թույլ տանք: Հիշե՛ք, որ հայրենիքն այսօր ունի բոլորիս կարիքը…
Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, հայոց բանակին և զինվորներին…»,- գրել է Ծառուկյանը։