Հայաստանի ԱԳՆ-ը «խստորեն դատապարտում է կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը և նախազգուշացնում, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիայի հովանավորությամբ գործող Ադրբեջանի ղեկավարությունը»։
Այսօր ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասված է, որ դրժելով Մոսկվայում տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում ընդունված մարդասիրական հրադադարի մասին իր իսկ ստանձնած հանձնառությանը՝ Ադրբեջանը շարունակել է մարտական գործողություններ ռազմաճակատի տարբեր հատվածներում, նաև հարվածներ է հասցրել ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերին:
«Ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունները ուղեկցվում են քաղաքական հայտարարություններով, որը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որ Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը: Իր այս գործելաոճը քողարկելու կամ գուցե արդարացնելու նպատակով ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել ապատեղեկատվության տարածման՝ շինծու մեղադրանքներ հնչեցնելով առ այն, որ ՀՀ զինված ուժերը կրակի տակ են պահում բնակավայրեր եւ ճակատային գիծը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հիշեցնենք, որ Մոսկվայում ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հհրադադարը նախատեսում է հումանիտար նպատակներով ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: