Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների նկատմամբ։
Այս մասին նշել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը: Նա նշել է, որ Արցախի իշխանությունները դատապարտում են Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտումները։
«Խաղաղության ու քաղաքացիական բնակչության դեմ այս ոչնչով չհիմնավորված ագրեսիան պետք է քաղաքական գնահատական ստանա առաջին հերթին հրադադարի հաստատման համար մեծ ջանքեր գործադրած Ռուսաստանի Դաշնության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և միջազգային հանրության կողմից։ Այս ամենը վկայում է, որ Արցախի հարցի լավագույն լուծումներից մեկը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը», – ասել է նա։
Նշենք, որ րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ օդային հարձակման է ենթարկվում Ստեփանակերտը, արդեն իսկ եղել է 7 պայթյուն։