Ինչպես այսօր հայտարարել է Պաշտպանության նախարարությունը, Ադրբեջանի զինված ուժերը խախտել է հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը․ Արցախի հարավային և հյուսիսիային ուղղությամբ ձեռնարկել են հարձակողական գործողություններ, մասնավորապես, գրոհ են իրականացրել զրահատեխնիկայի և հրթիռային միջոցների կրակի ուղեկցությամբ: Հյուսիսային ուղղությամբ կրելով 2 զրահատեխնիկայի կորուստ՝ հետ են շպրտվել. այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ հարավային ուղղությամբ ևս եղել են որոշակի առաջխաղացումներ, որոնք կասեցվել են: Օրվա ընթացքում խոցվել է հակառակորդի մեկ ԱԹՍ:
«Որոշ տեղերում պահպանվել է համեմատական հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակ չի վարվել, սակայն լիարժեք հրադադարի ռեժիմի պահպանում չի իրականացվել, որը թույլ կտար դիակների և գերիների փոխանակում: Օրվա ընթացքում մենք հայտարարել ենք, որ թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները, մասնավորապես՝ օդային ղեկավարման կետերի կառավարմամբ 6 միավոր թուրքական F-16 կործանիչների պատսպարմամբ մարտական ԱԹՍ-ները՝ իսրայելական և թուրքական արտադրության, հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին և զինված ուժերին: Այդ գործողությունները կասեցվում են պաշտպանության ուժերի ՀՕՊ ուժերի կողմից»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այսօր ադրբեջանական կողմից հնչեցվել են կեղծ հայտարարություններ, թե հայկական զինված ուժերը ևս խախտում է հրադադարը և կիրառում մեծ տրամաչափի զինատեսակներ՝ հարվածելով ադրբեջանական կողմին, սակայն այդ լուրերը կեղծ են և պաշտոնապես հերքվել են: Նրա խոսքով՝ այդ կերպ Ադրբեջանը նորից փորձում է սադրանքի հիմքեր ստեղծել իր հետագա գործողություների համար:
Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ մինչև չլինի հումանիտար հրադադարի լիարժեք պահպանում, որպեսզի Կարմիր խաչը կարողանա աշխատի, հնարավոր չի լինի դիերն ամբողջությամբ դուրս բերել:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ստեփանակերտը երեկ գիշեր հրթիռակոծվել է հեռահար մեծ տրամաչափի համազարկային կայանքներով: