Գիշերվա ընթացքում արցախ-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ավելացնելով, որ հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը:
Ավելի ուշ Պաշտպանության բանակը գրել է․
«Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:
Առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում»:
Հիշեցնենք, որ արցախ-ադրբեջանական շփման գծի երկայքով պատերազմական ակտիվ գործողություններ են սկսվել սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով։ Երկշաբաթյա մարտերից հետո Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հայտարարվել է հրադադար:
Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում:
Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել։