Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն տեսնում ենք, որ այն ամբողջությամբ չի իրականացվում և ռազմական գործողությունները շարունակվում են»,- հանդիպման մեկնարկին ասել է ՌԴ ԱԳ նախարար Ս․ Լավրովը, ինչին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Զ․ Մնացականյանն ասել է․
«Թեև երկու օր առաջ մենք երկար ժամանակ միասին անցկացրինք՝ լարվածության թուլացման առնչությամբ որևէ արդյունքի հասնելու համար, բայց այսօր հնարավորություն կունենանք անցնելու մեր հարաբերությունների ողջ սպեկտրով։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական դերը, ՌԴ դերը՝ կոնֆլիկտի կարգավորման հարցում։ Սակայն չենք կարող փաստել, որ մենք գործնականում ունենք հրադադարի լիակատար պահպանում»։
«Բառացիորեն այստեղ գալուց առաջ եմ տեղեկացել, որ Ադրբեջանը շարունակում է չպահպանել հրադադարի պայմանավորվածությունը։ Ես կարևոր եմ համարում այդ ուղղությամբ մեխանիզմներ մշակելը»,- ասել է Մնացականյանը։
Նա Լավրովին հայտնել է, որ ադրբեջանական ագրեսիայի դրսևորման ընթացքում Արցախում գրոհվել է ավելի քան 120 քաղաքացիական բնակավայր, այդ թվում՝ խիտ բնակեցված քաղաքներ, ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին ու այլ քաղաքներ։
Բազմաթիվ են Ադրբեջանի կողմից օգտագործված կասետային ռումբերից զոհվածներն ու վիրավորվածները․ 23 խաղաղ բնակիչ զոհվել է, ավելի քան 100 քաղաքացի վիրավոր է, որից 81-ը ստացել է ծանր վիրավորում։
Մեծ է փախստականների թիվը։ Շատերը տեղափոխվել են Արցախի այլ բնակավայրեր, շատերը՝ Հայաստան։
Հսկայական վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին․ վերացված կամ վնասված են ավելի քան 6000 օբյեկտներ․ բնակելի տներ, բնակարաններ, խանութներ։ Մեծ վնաս է հասցվել էլեկտրացանցերին՝ ողջ երկրի տարածքով։ Ավելի քան 10 էներգաբլոկ խոտան է դարձել։
Նշենք, որ հանդիպման առանցքային թեմաներից մեկը կդառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի քննարկումը։ 2020թ. հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման նպատակով կշարունակվի երկխոսությունը հակամարտության գոտում լարվածության թուլացման և առարկայական բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: