Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում են ունեցել Մոսկվայում։
Հանդիպումից հետո ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել մամուլի ասուլիսով և պատասխանել լրագրողների հարցերին։
«Մենք Հայաստանի արտգործնախարարի հետ հաստատեցինք այն պայմանավորվածության հավատարմությունը, որը ձեռք է բերվել շաբաթ գիշերը։ Այնտեղ հստակ ասված է, որ հումանիտար նպատակներով անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը, ապահովել հրադադարի պահպանման վերահսկումը, փոխանակել գերիներին, պահվող անձանց, զոհվածների մարմինները եւ ձեռնամուխ լինել կարգավորման սկզբունքների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո քաղաքական գործընթացի վերսկսմանը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ առաջին իսկ օրերից Ռուսաստանը, ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ամեն ինչ արել է՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի անհապաղ թուլացման ու կողմերի՝ բանակցությունների սեղան վերադառնալու համար։
«Մեր առաջնային խնդիրն այս պահին կրակի անհապաղ դադարեցումն ու վերահսկողական մեխանիզմների ներդրումն է,- հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը և նշել, որ ոչ թե Հայաստանն ու Ղարաբաղը, այլ Ադրբեջանն է միշտ խոչընդոտել հակամարտության գոտում վերահսկող մեխանիզմների ներդրմանը, և հայակական կողմը, համապատասխանաբար, չի ընդունում հրադադարի խախտման վերաբերյալ իր հասցեին հնչող մեղադրանքները։
«Հայաստանն Արցախի անվտանգության միակ երաշխավորն է, և մենք շարունակելու ենք կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները պաշտպանելու համար»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։
Ռուսաստանի Ագն ղեկավարն իր հերթին նշել է, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակի սուր բնույթը՝ չի կարելի ձգձգել վերահսկողական մեխանիզմների մշակումը։
«Մենք հասկանում ենք, որ քաղաքական բանակցային գործընթացի վերսկսման ձգձգումը մենք սխալ ենք համարում»,- հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նշել որ ՌԴ-ի մասնակցությամբ եւ համանախագահների աջակցությամբ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։