ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովն այսօր՝ հոկտեմբերի 12-ին կայացած հանդիպանը հաջորդած ճեպազրույցում անդրադարձել են ադրբեջանական կողմի՝ ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի ակտիվ մասնակցությունը կարևորելու վերաբերյալ հարցին։
«Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբանանից Ադրբեջան արտերկրյա ռազմական ուժեր փոխադրելու փաստն արձանագրել է ինչպես Հայաստանը, այնպես էլ միջազգային հանրությունը։ Ադրբեջանը, դիմելով զինված մասնագետների օգնությանը, դարձել է Թուրքիայի ազդեցության ընդլայնման հարթակ և մեր տարածաշրջանում միջազգային տեռորիզմի օջախ։ Գործընթացի խաղաղ կարգավորման գործում Թուրքիայի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է մեր տարածաշրջանում գրոհայինների և ահաբեկիչների և Ադրբեջանի ակտիվ ռազմական աջակցության առկայությամբ»,- հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը և նշել, որ Թուրքիայի ակտիվությունը չի կարող որևէ կերպ ողջունվել։
ՌԴ արտգործնախարարն իր հերթին նշել է, որ վերջին փաստաթուղթը` համատեղ հայտարարությունը, ընդգծում է ձեւաչափի անփոփոխությունը:
«Մինսկի խումբը երկրների բավականին մեծ խումբ է, բայց այն միջնորդական լիազորությունները փոխանցել է երեք համանախագահներին` Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային: Համաշխարհային մայրաքաղաքներից վերջին օրերին արված բոլոր հայտարարությունները հաստատում են հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատին»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը: