Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական գերատեսչության հաղորդագրությանը:
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակվել պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև Լիբիայում և սիրիական Իդլիբում տիրող իրավիճակի մասին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 491 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: