Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հույս է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կհետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Մենք հույս ունենք, որ հումանիտար հրադադարի մասին համաձայնությունը կպահպանվի և, որ այն էականորեն կթեթևացնի տուժածների վիճակը»,- հայտարարել է ԿԽՄԿ Եվրասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը։
Նա ավելացրել է, որ ԿԽՄԿ-ն պատրաստ է փոխգործակցել մարտերի ժամանակ զոհվածների դիերի, ինչպես նաև գերիների փոխանակման հարցում:
Ըստ Շուեպի՝ կողմերը պետք է պայմանավորվեն գործառնական և լոգիստիկ հարցերի շուրջ, իսկ այդ պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն:
«Բացի այդ, պետք է երաշխավորվի մեր խմբերի անվտանգությունը, որպեսզի այդ գործողությունները կատարվեն»,- ընդգծել է Շուեպը:
ԿԽՄԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ կազմակերպությունը ներգրավված չէ քաղաքական բանակցությունների մեջ:
«Մեր դերակատարումը բացառապես մարդասիրական է՝ որպես չեզոք միջնորդ»,- ասել է նա: