Մենք դեռ լիահույս ենք, որ կկարողանանք վերադառնալ մեր համաձայնությանը՝ կրակի դադարեցմանը, որպեսզի շարունակենք բնականոն աշխատանքը: Այս մասին Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է «BBC Newshour»-ին տված հարցազրույցում:
«Հայաստանն անում է հնարավորը՝ պաշտպանելու Արցախում մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունը: Մենք շատ զգույշ և շատ համբերատար ենք եղել, որպեսզի չվտանգենք խաղաղ գործընթացը: Բայց այն, ինչին մենք ականատես ենք լինում վերջին երկու շաբաթների ընթացքում, Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից խնդրի կարգավորման ռազմական տարբերակի ընտրությունն է»,- հայտարարել է Մնացականյանը։
Ի պատասխան հարցին՝ թե որքանո՞վ եք վստահ, որ կրակի դադարը, ինչպիսին որ այն կա ներկայումս, ինչ-որ կերպ պահպանվելու է, Մնացականյանը նշել է, որ Ռուսաստանը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին մեծ աշխատանք է կատարում այդ ուղղությամբ, և որ այժմ մենք չպետք է հրաժարվենք կրակի դադարի որևէ հնարավորությունից:
«Մենք պետք է առաջ տանենք վերահսկողական մեխանիզմների ներդրման գաղափարը, որը կօգնի մեզ վերադարձնել հրադադարի ռեժիմը: Մենք չենք կորցնում հույսը և շարունակելու ենք քրտնաջան աշխատել խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։