Ֆրանսիայի հայ համայնքը երեկ՝ հոկտեմբերի 13-ի երեկոյան, Փարիզի Ազգային ժողովի հարակից տարածքում բազմամարդ հավաք է անցկացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով:
Արցախի խորհրդարանի փոխանցմամբ՝ հավաքվածների թվում էր Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնին։ Նա, դիմելով ցույցարարներին, նշել է, որ հազարավոր բողոքավորների ու մի քանի գործընկեր պատգամավորների հետ Ազգային ժողովի դիմաց է՝ պահանջելու ճանաչել Արցախը և կոչ անելու Ֆրանսիային պատասխանատվություն ստանձնել՝ պաշտպանելու մեր հայ եղբայրներին:
«Որպես պատգամավոր ես շարունակելու եմ ձեռնարկել բոլոր հնարավոր նախաձեռնությունները: Վաղվանից որպես առաջին ստորագրող կողմ կներկայացնեմ մի քանի անդամների կողմից ստորագրված բանաձև, որպեսզի Արցախն անկախ ճանաչվի և ճանաչվի հայերի՝ իրենց հողում ապրելու իրավունքը: Տասն օր հետո ես կգլխավորեմ ընտրված պաշտոնատար անձանց պատվիրակությունը, որը կմեկնի Հայաստան՝ ի նշանավորումն Ֆրանսիայի աջակցության ու բարեկամության:
Չսխալվենք. Այն, ինչ կատարվում է Արցախում, ավելին է, քան ինչ-որ տարածքի ճակատագիր, դա մի ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու կրոնական բազմազանությունն է: Եկեք թույլ չտանք, որ Ալիևը և Էրդողանը շարունակեն 1915-ին սկսվածը: Եկեք հայերին մենակ չթողնենք Ադրբեջանին և Թուրքիային դեմ հանդիման»,- հայտարարել է Ֆրանսուա Պուպոնին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ին, ագրեսիա են իրականացրել Արցախի Հանրապետության դեմ:
Երկու շաբաթ տեւած կատաղի մարտերից եւ միջազգային հանրության Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու կոչերից հետո Մոսկվայի նախաձեռնությամբ ու միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները բանակցություններ անցկացրեցին:
ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել էին 2020 թվականի հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12։00-ից հումանիտար հրադադար հաստատել:
Չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը՝ մարդասիրական հրադադարն այդպես էլ չի հաջողվել հաստատել՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները չդադարեցնելու պատճառով։