ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է, որ հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին:
Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է երկու օր առաջ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 555 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին:
Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: