«Արցախի և Հայաստանի ժողովուրդը ապրում էր խաղաղ պայմաններում, իսկ այժմ նրանց հայրենիքը Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքով վերածվել է պատերազմի դաշտի: Խնդրում եմ հորդորել Սպիտակ տանը և Կոնգրեսին՝ դատապարտել ագրեսիան»,- ինստագրամյան իր էջում գրել է աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը։ Նա Հայաստանի և Արցախի համար այս ծանր օրերին աջակցում է իր հայրենակիցներին, դատապարտում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 555 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին:
Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: