Մեծապես կարևորելով այս օրերին հանրության շրջանում առկա տրամադրությունների նկատմամբ ընդգծված հոգատարություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերով հասարակությանն առավել ընկճող, հայրենիքի պաշտպանության ընթացքում հավերժ հերոսացած մեր հայրենակիցների ընտանիքների հույզերը վեր հանող, ինչպես նաև անհանգստություն, խուճապ ու նմանատիպ այլ զգացողություններ պարունակող հրապարակումներ կատարելուց: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԱԾ-ն։
Միաժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ հիշյալ հրապարակումները կարող են իրենց բացասական ազդակները հաղորդել հասարակության լայն շերտերին՝ անցանկալի բարոյահոգեբանական հետևանքներ ունենալով ինչպես առաջնագծում, այնպես էլ վերջինիս թիկունքն ամուր պահող հայ ընտանիքներում:
Ավելին, ռազմական գործողությունների այս պահերին, անհրաժեշտ է լայնորեն լուսաբանել քաջարի հայորդիների փառահեղ սխրագործություններն ու նրանց անսահման հայրենասիրության լավագույն դրսևորումները՝ բացառապես հիմք ընդունելով պաշտոնական լրահոսում առկա համանման տեղեկությունները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: