Հայկական կողմը չի քննարկել հակամարտության կարգավորման որևիցե փաստաթուղթ, որը չի նախատեսում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, «Սպուտնիկ Արմենիա»-ում հրապարակած հոդվածում գրել է 2008-ից 2018 թվականներին Հայաստանի Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Էդվարդ Նալբանդյանը:
Նախկին նախարարն ընդգծել է, որ բանակցություններում քննարկված բոլոր փաստաթղթերը նախատեսել են հակամարտության կարգավորման փաթեթային տարբերակներ փուլային իրականացմամբ ու բոլոր բաղադրիչների փոխկապակցվածությամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցում` ժողովրդի ազատ կամարտահայտումն արտացոլող ու միջազգային իրավական պարտադիր բնույթ ունեցող քվեարկության միջոցով:
Նալբանդյանն ընգծել է՝ քվեարկության դրվող հարցերի ձևակերպումը չէր սահմանափակվելու ոչնչով՝ նախատեսելով ցանկացած կարգավիճակ ընտրելու հնարավորություն:
Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14-ի իր ուղերձում հայտարարել էր, որ նախորդ իշխանություններից մնացած բանակցային ժառանգությունը հիմնված է եղել ոչ թե «տարածնքեր՝ կարգավիճակի դիմաց», այլ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբունքը, որից իրենք հրաժարվել են: Ամիսներ առաջ էլ հայտարարել էր, որ բանակցությունները սկսել է ոչ թե նախկինների թողած կետից, այլ՝ իր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: