ԱԹՍ-ները պատերազմում համարվում են նորամուծություն և, ինչպես ամեն նորամուծություն, հակահարվածի հստակ մեխանիզմներ դեռ չունեն։ Այդպես էր անգամ սովորական հրազենի դեպքում, երբ այն նոր էր հայտնաբերվել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց քաղաքագետ Էդգար Էլբակլյանը։
Նա հայ գերիների մասին հայտնի ադրբեջանական լուսանկարների ու տեսանյութերի ակտիվ տարածման առումով ասաց, որ դրանք պետք է ընդհանրապես չնայել ու առավել ևս՝ չհրապարակել։ Նմանատիպ տեսանյութերը, ըստ քաղաքագետի, շատ նման են կասետային ռումբերին, որոնք պայթում են, երբ ձեռք ես տալիս։ Անգամ ամուր նյարդերի դեպքում չպետք է դիտել դրանք։ Որովհետև հակառակորդի նպատակը դրանց միջոցով հոգեբանական ազդեցություն թողնելն է, ողջ ազգին վախի մթնոլորտում պահելը։ Ուստի, դրանք ուսումնասիրելու գործը պետք է անեն բացառապես մասնագետները, օրինակ Մարդու իրավունքների պաշտպանները։
Էլբակյանը զուգահեռներ է տանում 90-ականների Արցախյան պատերազմի հետ։ Ասում է՝ չպետք է կարծել, թե առանց օգնության հնարավոր չէ հաղթել․ դա այդպես չէ։ 90-ականներին մեզ պարտադրված պատերազմին, օրինակ, Ռուսաստանը փաստացի մեր դեմ էր կռվում, շատ հակազդման միջոցներ այն ժամանակ ուղղակի չկային, իսկ հիմա կա՛ն, բայց ազգային կոնսոլիդացիան հաղթանակ բերեց։
«Ալիևը ուղիղ կերպով թիրախավորում է Հայաստանի ներքաղաքական կյանքը, որովհետև եթե ուզում ես ամենաէժան տարբերակով հաղթանակի հասնել, ապա պետք է կազմաքանդես հակառակորդի երկիրը ներսից։ Դա այն է, ինչի շնորհինվ մենք հաղթեցինք առաջին պատերազմում։
Հիշենք՝ պատերազմի առաջին փուլում մենք հաշված դիրքեր էինք գրավել, իսկ 1993 թվականից հետո միանգամից, կարճ ժամանակում հաղթանակ գրանցեցինք։ Որովհետև թշնամու պետությունը քանդվել էր։ Ուստի մեզ այժմ պետք է ներքաղաքական միասնություն՝ անկախ անձերից»,- ասաց քաղաքագետը և հավելեց, որ միասնականություն անհրաժեշտ է նաև կորոնավիրուսի դեմ պայքարում, որովհետև դա ևս մեկ լրացուցիչ խնդիր է, որը խանգարելու է մեզ՝ մեր վերջնական հաղթանակի հարցում։