Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ պաշտոնական էջը։
Զրույցի գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր:
Նախարար Մնացականյանը խոր մտահոգություն արտահայտեց միջազգային զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտում տեղակայելու ճանապարհով Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության առնչությամբ: Նա ընդգծեց, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մշտապես գնահատում է ռազմական իրավիճակը և դրանից բխող քայլերը՝ նկատի ունենալով նաև ՀԱՊԿ կանոնակարգային գործընթացներ նախաձեռնելու հնարավորությունը:
Նախարարը Գլխավոր քարտուղարին հայտնեց, որ Հայաստանը շարունակելու է ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների մասին մշտապես տեղեկացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և դրա անդամ երկրներին: