Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախում համառ մարտեր են ընթացել, հատկապես հարավում մարտերը ծանր են եղել ու երեկոյի դրությամբ դեռ շարունակվում են, հայկական զորքերը որոշ վերախմբավորումներ է կատարել, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ վաղ առավոտից ադրբեջանական զինուժը հյուսիսում ու հարավում երկար հրետակոծությունից ու օդուժ կիրառելուց հետո լայնածավալ հարձակման է անցել։ Առնվազն երկու գրոհից հետո հյուսիսում հետ են շպրտվել, ոչ մի դիրք ու բարձունք չեն գրավել։
Հովհաննիսյանի խոսքով՝ օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը թռիչքներ է կատարել, թռչող սարքեր են չեզոքացվել, որոնք դեռ իդենտիֆիկացված չեն։
ՊՆ ներկայացուցիչը ևս մեկ անգամ հաստատել է, որ հայկական կողմում գերիներ կան և պատասխանել ադրբեջանցի գերիների հանդեպ հայկական կողմի լավ վերաբերմունքի մասին հարցին։
«Մենք մարդ ենք ու ունենք համապատասխան արժեհամակարգ, մենք բորենիներ չենք»,- նշել է նա։
Հոկտեմբերի 15-ին ադրբեջանական կողմը հրապարակել էր Հադրութում 2 հայ ռազմագերու գնդակահարության կադրեր։ Հոկտեմբերի 16-ին ցանցում էր հայտնվել ադրբեջանցի ռազմագերիներից մեկի մասնակցությամբ կարճ տեսանյութ, Արցախում նրան վիրահատել էին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: