Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում, Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Եթե նախատեսված ժամից սկսված Ադրբեջանը պահպանում է մարդասիրական զինադադարի ռեժիմը, ՊԲ-ն պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել»,- ասել է Պողոսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: