Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ ահազանգելով, որ քսան օր շարունակ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի ընթացքում միջազգային նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծվում են Արցախի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները։
«Առ այսօր թիրախավորվել ու ավերվել են 18 դպրոցական շենք, 6 մանկապարտեզ, չորս մշակութային օջախ։ Թշնամու գերճշգրիտ կրկնակի հարվածից ավերվել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը։
Թուրք-ադրբեջանական ահաբեկչության ու կատաղի ագրեսիայի պատճառով խախտվել և խախտվում է շուրջ
▪️ 33 հազար մարդու կրթության իրավունք։
▪️ 24 հազար աշակերտ դպրոց չի հաճախում,
▪️ 4016 երեխա՝ մանկապարտեզ,
▪️ 4986 ուսանող՝ արհեստագործական ուսումնարան, քոլեջ և բարձրագույն ուսումնական հաստատություն։
Խոր ցավով և կսկիծով ենք նշում, որ ունենք նաև զոհված ուսանողներ»,- ասված է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: