ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկչական ցանցի ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի արդյունքում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ քաղաքական դաշտի 13 կուսակցությունների հայտարարությանը: Տեր-Պետրոսյանը հայտարարությանն անդրադարձել է ի պատասխան iLur-ի հարցմանը:
«Զարմանում եմ, թե ինչպես լուրջ և զանգվածային կուսակցությունների համբավ ունեցող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կարող էին ընկնել շուրջ մեկ տասնյակ անպատասխանատու մարդ-կուսակցությունների խելքին։ Եթե սա արված է զուտ փիառ նպատակով, ապա այն ընդամենը ձախորդ նախաձեռնություն է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ հայտարարության նախաձեռնողներն առաջնորդվել են ոչ թե պետական հեղաշրջման նպատակադրմամբ, ինչպես գնահատվում է ոմանց կողմից, այլ Արցախի և Հայաստանի ճակատագրի նկատմամբ ողջ հայ ժողովրդին համակած խոր մտահոգությամբ։
Ետպատերազմյան ներքին գզվռտոցն էլ ամենևին այն ցանկալի հեռանկարը չէ, որ այսօր անհրաժեշտ է հայության համար կենսական նշանակություն ունեցող միաբանությանը: Դրանով մենք ընդամենը հակառակորդին մեզ համար վտանգավոր «սիգնալ» կփոխանցենք»,- ասել է ՀՀ առաջին նախագահը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: