Ադրբեջանական կողմն, առավոտյան խախտելով մարդասիրական հրադադարը, հարձակման փորձ է կատարել հյուսիսային ուղղությամբ, սակայն ջախջախվել և պարտություն կրելով հետ է շպրտվել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նույն ժամանակ հարավային ուղղության երկու առանձին հատվածներում փորձել են հարձակողական գործողություններ ծավալել: Մեկ ուղղությամբ հստակորեն ընկնելով հայկական ԶՈՒ-ի հրետանու հուժկու կրակի տակ, փախուստի են դիմել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա, այդ թվում մեծաքանակ զինամթերք»,- մանրամասնեց ՊՆ ներկայացուցիչը:
Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ հակառակորդն այսքանով չի սահմանափակվել, այլ ուղղություններով ևս շարունակել է մարտերը: Համառ մարտերի արդյունքում ադրբեջանական կողմը որոշակի տեղաշարժեր ունի: Բայց թե ինչ առաջխաղացում ունի հառակորդն, Արծրուն Հովհաննիսյանը չմանրամասնեց:
«Այս պատերազմում, որը չափազանց ուժգին, սաստիկ և մեծ կրակային խտություն պարունակող մարտական գործողություններ են, առանձին բնագծերով, հորինված կամ իրական նշաձողերով արտահայտված տեղանքների անուններով, բարձունքներով առաջնորդվել և հաջողություններ ֆիքսելը տվյալ պատերազմում ակտուալ չէ: Ընթանում է հինգերորդ սերդնի պատերազմ` բարձր տեխնոլոգիական միջոցներով, մանևրային խմբերով և ստատիկ բնագծերի պահպանության համար, առանձին մարտական գործողություններ չեն վարվում: Դրա համար կոնկրետ բնագծեր, հաջողություններ և նահանջներ չենք նշելու»,- նշեց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: Հումանիտար հրադադարը, սակայն ադրբեջանական կողմը խախտել է:
Առաջին հումանիտար հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, որը նույնպես հակառակորդը խախտել է: