Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, եթե պարզ լինի, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ոչ մի դեպքում չի գնա բանակցությունների ճանապարհով, հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:
Նախագահը նշել է, որ Հայաստանի կողմից անկախության չճանաչումը կապված է միայն այն բանի հետ, որ հայկական կողմը ցանկանում է հարցը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով:
Եվ եթե այս թունելի վերջում լույս կա՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական խաղաղ լուծման լույս, ապա կարելի է սպասել դեռ։ Իսկ եթե լույս չկա, այսինքն՝ եթե պարզ լինի, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ոչ մի դեպքում չի գնա բանակցությունների ճանապարհով, ապա, բնականաբար, Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը», – ասել է նախագահը։
Նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիան չի կարող միջնորդ լինել հակամարտության կարգավորման հարցում։ «Նա բացահայտ աջակցում է Ադրբեջանին, դա անում է շատ կոպիտ, և սկզբունքորեն արդեն հակամարտության կողմ է։ Մենք պետք է Թուրքիայի հետ բանակցենք որպես հակամարտության կողմ, այլ ոչ թե որպես միջնորդ։ Թուրք զինվորականներն ու նրանց տեխնիկան մասնակցում են այդ գործողություններին», – ասել է նա։
Թուրքիան ցանկանում է վերահսկել էներգետիկ հոսքերը Կասպից ծովից եւ Հյուսիսային Աֆրիկայից, «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ խոսելով Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության եւ Արցախի դեմ ռազմական գործողություններում Անկարայի ներգրավման պատճառների մասին:
«Թուրքիան մասնակցում է հակամարտությանը, քանի որ ցանկանում է կառավարել այդ գծերը։ Եվ որքան երկար է տեւում հակամարտությունը, այնքան ավելի խորն է լինելու Թուրքիայի ներկայությունը Ադրբեջանում։ Իսկ դա կփոխի ամբողջ տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը։ Թուրքիան դառնում է Ռուսաստանի հարևանը, որի հետ, ըստ էության, ցամաքային սահման կունենա», – ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ Թուրքիան հսկայական ազդեցություն կունենա Եվրոպայի էներգետիկ անվտանգության վրա։ «Այն դեռ հսկայական ազդեցություն կունենա Կենտրոնական Ասիայի եւ Կասպյան տարածաշրջանի վրա, քանի որ գազի եւ նավթի մի մասը հենց այնտեղից է գնում։ Այսինքն՝ այն կլինի մեջտեղում և կորոշվի՝ ուզում եմ՝ բաց թողնեմ ձեր նավթը, ուզում եմ՝ ոչ։ «Ձեզ լավ կպահեք, ես այնպես կանեմ, որ այդ գազն ու նավթը գան ձեզ մոտ»: Այսինքն՝ Թուրքիան կառավարելու է գազն ու նավթը, որոնց նա չի տիրապետում։ Նա նախկինում սպառող էր, իսկ հիմա կառավարիչ է լինելու», – ասել է ՀՀ նախագահը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 710 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: