ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով հանդիպում-խորհրդակցություն է տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ»,- տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:
Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով հանդիպում-խորհրդակցություն…
Опубликовано Arman Musinyan Вторник, 20 октября 2020 г.
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 772 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: