Այսօր վաղ առավոտյան հակառակորդը նորից հարձակողական գործողություններ է ձեռնարկել հյուսիսային ու հարավային ուղղությամբ։ Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ։ Այդ մարտերի ընթացքում մեր զորքերը հաջողությամբ կասեցրել են հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներ և ետ շպրտել բնագծեր։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Երեկ երեկոյան, իրավիճակից սկսած, օրվա ընթացքում մի քանի անգամ մեր ՀՕՊ ստորաբաժանումներին հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ։ Այդ թվում՝ ցուցադրել ենք հատուկ թուրքական 2020 թվականի սեպտեմբերի արտադրության «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ։ Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են ոչ այնքան ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին են լինում»,- ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 772 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: