ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է 170 հայ զինծառայողի փրկվելու մասին լուրը, ասել է, որ եղել են դեպքեր, բայց նման մեծ խմբավորումների մասին խոսք չի եղել։
«Այսօր և երեկ եղել են դեպքեր, երբ մեր մարտական գործողությունների առաջխաղացման ժամանակ, հատկապես, կարողանում են որոշ անհատներ կամ զինծառայողներ, որոնք նախորդ օրվա մարտական գործողոությունների ժամանակ հայտնվել են ինչ-որ տեղում՝ ծուղակ է եղել, կամ մոլորվել են, գերությունից փրկվել են, դուրս են եկել, բայց այդպիսի մեծ խմբավորման մասին խոսք չի եղել»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 772 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: